Новости
GO TRAVEL ընկերության «Բարի նախագիծը»

GO TRAVEL ընկերության «Բարի նախագիծը»

Հուլիսի 27-ին «Վահագնի» ռեստորանում կայացավ «Go travel» տուրիստական գործակալության հիմնադիր Լիանա Սահակյանի նախաձեռնած «Բարի նախագիծ» բարեգործական երեկոն: «Բարի նախագծի» նպատակը մեկն էր. օգնել Զատիկավանի 17 երեխաներին, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն: Բարի ու լուսավոր երեկոյին ներկա էին նաև Զատիկավանի երեխաները, որոնց զբաղեցնում և նրանց բարձր տրամադրությունն ապահովում էին Dzmeruk ընկերության հեքիաթների հերոսները:

Բարեգործական երեկոյի ներկաների բարձր տրամադրությունն ապահովում էին «Woman’s club»-ը, Aram MP3-ը, Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Ալյա Սեդրակյանը, Արամեն: Լուսավոր այս երեկոյի հյուրերից յուրաքանչյուրը փորձեց իր օգնությունը ցուցաբերել Զատիկավանի երեխաներին: Բարեգործական նախագծի կազմակերպիչը միջոցառման սկզբում պատմեց, որ «Բարի նախագծի» գաղափարն իր մոտ ծագել է «Go travel»-ի 10-ամյակին ընդառաջ, երբ ցանկություն է եղել, ոչ թե մեծ շուքով նշել տուրիստական ընկերության հիմնադրման տասը տարին, այլ բարի գործ կատարել: Խոսելով «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ՝ նա տեղեկացել է Զատիկավան թաղամասի մասին, որտեղ ապրում են մանկատան նախկին սաները, ովքեր այսօր բազմազավակ միայնակ մայրեր են և օգնության կարիք ունեն:

«Բարի նախագծի» բարեգործության մեկնարկը տրվեց հենց միջոցառման կազմակերպչի կողմից, ով Զատիկավանի երեխաներին փոխանցեց 1 մլն դրամ և հույս հայտնեց, որ երեկոյի ընթացքում արված փոխանցումների շնորհիվ իսկապես կկարողանան էական դրական փոփոխություններ մտցնել նրանց կյանք: Հաջորդ խոշոր փոխանցումներն արվեցին հյուրերից Շանթ Հովնանյանի (1մլն դրամ), Դավիթ Սապոնջյանի, Վահագն Միքայելյանի, AMP Group-ի, Ալլա Կասյանի (յուրաքանչյուրը 100.000-ական դրամ) կողմից:

Այս բարի միջոցառման աջակիցներն էին Վահագնի ռեստորանը, Woman’s club-ը, Իջևանի գինու գործարանը, Your Holiday Events-ը, President Armenia, Crumbs The Bread Factory ընկերությունները: Զատիկավանի երեխաներին նաև նվերներ էին սպասվում Megatoys և Pandashian ընկերությունների կողմից: Բարեգործական երեկոյի նվիրատվությունների հասույթը կազմեց 3մլն 463 հազար դրամ: Նվիրատվությունների մեջ կային նաև 2 նոր լվացքի մեքենա և 3 սառնարան: Գումարով նախատեսվում է գնել մահճակալներ, վերանորոգել պատուհանները, ձմեռվա համար վառելիք, ընտանի կաթնատու և գյուղատնտեսության մեջ օգտակար կենդանիներ գնել: Նշենք, որ բարեգործական նախաձեռնությանը հնարավորություն ունեին միանալ նաև այն մարդիկ, ովքեր ներկա չէին երեկոյին՝ փոխանցում կատարելով Զատիկավանի էլեկտրաէներգիայի կոդին (5130162(sad) Կարծում ենք «Բարի նախագիծը» ծառայեց իր նպատակին և կկրի շարունակական բնույթ:

 

Ֆոտոշարք