Новости
5 գիրք, որոնք կառաջացնեն ճանապարհորդելու ցանկություն

5 գիրք, որոնք կառաջացնեն ճանապարհորդելու ցանկություն

Կան գրքեր, որոնք կարողանում են մոտիվացնել մարդկանց գնալ որևէ ուղղությամբ, բացահայտել աշխարհը և ճանաչել այս կամ այն երկրի մշակույթն ու բարքերը: Այս անգամ Go Travel-ը կներկայացնի 5 գիրք, որոնք Ձեր մեջ ճանապարհորդելու մեծ ցանկություն կառաջացնեն: 

  •  Գրեգորի Ռոբերտ - «Շանթարամ»  

Այս գիրքը կարդալով՝ դժվար է հավատալ, որ սա պատմությունն ինքնակենսագրական է, և որ շատ իրադարձություններ տեղի են ունեցել իրականում: Գրքի գլխավոր հերոսը փախչում է ավստրալիական բանտից, կեղծ անունով հաստատվում Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում և սկսում  նոր կյանք: Իսկ Հնդկաստանը պարզապես օտար երկիր չէ, այն մի ուրիշ աշխարհ է՝ բոլորովին այլ արժեքներով, մշակույթով, բնակիչներով:

  • Ջոն Սթեյնբեք - «Ճանապարհորդություն Չառլիի հետ. Փնտրելով Ամերիկան»

Այս գիրքն այն մարդկանց համար է, ովքեր չեն կարող պատկերացնել իրենց կյանքը առանց ճանապարհի: Սթեյնբեքն ինքն էլ մոլի ճանապարհորդ էր. նրա մարմինը փշաքաղվում էր նավի շչակի ու մեքենայի շարժիչի ձայներից և նրա այս գիրքը հենց նման մարդկանց համար է:

  • Մարկ Հելփրին - «Ճամպրուկի մեջ գտնված ձեռագիրը»

Այս գիրքը ճամփորդության մասին է, որը ձգվել է մի ամբողջ կյանք: Ոչ թե պլանավորված ճանապարհորդության մասին, այլ ճակատագրի անսպասելի փոփոխությունների մասին, անհաջողությունների մասին, որոնք ոչ թե պատճառ են դառնում հուսահատության ու հանձնվելու համար, այլ հնարավորություն են տալիս վայելել անկանխատեսելի կյանքը:

  • Դևիդ Միտչել  -  «Գրական ուրվականը»

«Գրական ուրվականը» գրքում ջնջված են աշխարհագրական բոլոր սահմանները՝ Օկինավա, Հոնգկոնգ, Սանկտ-Պետերբուրգ, Լոնդոն, Մոնղոլիա… Գրողի ձեռքում քաղաքներն ու երկրները փազլի մասնիկներ են, որոնք նա դասավորում է ու ձևավորում աշխարհի ընդհանուր պատկերը:

  • Ջերոմ Կ. Ջերոմ «Երեքը նավակում՝ չհաշված շանը»

Ճանապարհորդությունները միշտ էլ ուրախ են անցնում, և այս գիրքը ևս մեկ անգամ ապացուցում է այդ փաստը: Այն ամբողջությամբ լցված է անգլիական դասական հումորով և կարող է օգնել հաղթահարել ցանկացած հիասթափություն, մռայլ տրամադրություն ու դեպրեսիա: Այս զվարճալի ու կենսուրախ պատմությունը կարդացվում է մի շնչով ու հիշեցնում, որ անգամ փոքրիկ ուղևորությունը կարող է դառնալ իրական արկած՝ հատկապես լավ ընկերների ուղեկցությամբ:

Սիրով՝ Go Travel: