Новости
5 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄԻՏՔ ԼԻԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ (PHOTO, VIDEO)

5 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄԻՏՔ ԼԻԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ (PHOTO, VIDEO)

Գեղեցկուհի կին գործարար, «Go Travel»-ի հիմնադիր Լիանա Սահակյանին  Wnews.am-ի ընթերցողներն արդեն ծանոթ են։ Նա բազմիցս եղել է Wnews.am-ի հերոսուհի , իսկ այս անգամ մեր խմբագիր Գայանե Շահինյանը Լիանային հյուրընկալել էր Radio Marshall-ի իր  նոր հաղորդման ՝ ProWomen-ի շրջանակներում։

Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի կեսօրին Radio Marshall FM 103.5-ի եթերում  հյուրընկալվում են Երևանի ամենաոճային, վարկանիշային և ինքնատիպ կանայք։ ProWomen-ը հավակնում է դառնալ ամենաոճային բլոգը ժամանակակից կանանց մասին։ ProWomen-ի շրջանակներում Լիանա Սահակյանը պատմել է, թե ինչպես  ճանապարհորդելու իր երազանքը դարձրեց իրականություն, նա վստահ է, որ բոլոր երազանքները վաղ թե ուշ իրականանում են։

Հաղորդման ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում,  իսկ մենք առանձնացրել ենք  5 մոտիվացնող խորհուրդ Լիանա Սահակյանից։

 1․ Երազանքներն իրականանում են, երբ դու հավատում ես դրանց։ Ես սկսել եմ փոքր բաներից, բայց շատ մեծ հավատ եմ ունեցել, ամեն փոքր բանից  ուրախացել եմ ու այդ փոքր բանը հետո աճել ու  ավելի  մեծ տեսքով ինձ ետ է եկել։ Հաջողության հասնելու գլխավոր պայմանը դա է ՝ ուրախանալ ամեն  մանրուքից և առաջնորդվել դրանով։  Երբ ինձ ասում են, դե քեզ մոտ հեշտ ամեն ինչ ստացվեց, բայց դա չի նշանակում, որ մեզ մոտ էլ կստացվի, ես չեմ համաձայնվում, որովհետև երբ դու ուրախ ու հավատով ես ամեն  ինչին վերաբերվում, անհնար է չստացվի։

2․ Պետք է պատկերացնել, որ քեզ մոտ արդեն ամեն ինչ ստացվել է, կարելի է ուղղակի փակել աչքերը և պատկերացնել, որ դու արդեն հասել ես այն  հաջողությանը, որի մասին երազում ես։ Պետք է  մտքով , հոգով զգաս, որ երազանքդ իրական է։  Երբ իմ տուրիստական ընկերությունը նոր էր, եղբայրս ասում էր , որ ինձ մոտ  ոչինչ չի ստացվի։ Ասում էր, եթե դու ունենաս գոնե մեկ հաճախորդ նրա արձանը կկառուցես, բայց հենց բացվելու օրվանից հաճախորդների պակաս չենք ունեցել։ Ամեն ինչ սկսվեց իմ հավատից, եթե ես  ուշադրություն դարձնեի եղբորս խոսքերին , ոչինչ էլ  չէի անի ու այս արդյունքը չէի ունենա։ Դա կարևոր օրենք է ։ Ես հավատում եմ այն ամենին, ինչ անում եմ։


3․ Հաջողակ  չեն ծնվում,  հաջողակ դառնում են՝  տարիների ընթացքում իրենց փոփոխելով, իրենց վախերը հաղթահարելով։ Ուսանողական տարիքում ես ինքնամփոփ էի, ֆոբիաներ ու բարդույթներ ունեի և դա ինձ շատ էր խանգարում։  Մի օր հասկացա, որ կարելի է այդ ամենը հաղթահարել, քայլ առ քայլ ինձ փոխեցի, մարդկանց հանդեպ վերաբերմունքս փոխեցի, հասկացա, որ ցանկացած փոփոխություն պետք է բաց սրտով ընդունել, որովհետև երբեք չես իմանա, թե ուր կտանի այդ փոփոխությունը և նոր ծանոթությունը, միգուցե  այն տանի ավելի նոր, լուսավոր  բարձունքներ։ Ես համոզված եմ, այն մարդիկ, ովքեր վախենում են թե ոչինչ  չի ստացվի, մի քիչ եթե աշխատեն, մի քիչ իրենց մտքերի ուղղությունը փոխեն, միանշանակ կստացվի։ Իմ օրինակավ եմ դա ասում․ ինքնաթիռ նստելու ֆոբիայից մինչև ծերության ֆոբիա հաղթահարել եմ, այլևս ոչ մի վախ չունեմ։ Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է լինի իր կյանքի ամենակարևոր մոտիվացիան։

4․ Հաջողության 70 տոկոսը կախված է շփվելու կարողությունից,  կարող ես շատ խելացի լինել, բայց եթե լինես ինքնամփոփ որևէ հաջողության չես հասնի։  Յուրաքանչյուր նոր ծանոթություն նոր հնարավորություն է, բայց սա էլ պետք չէ անել ստիպողաբար, նախկինում ես շատ էի գնում տարբեր հանդիպումների, միջոցառումների, որովհետև մտածում էի, որ դա պետք է բիզնեսի համար,  հետո հասկացա, որ չի կարելի անել այն, ինչ չես ուզում, կամ գնալ այնտեղ, որտեղ չես ուզում, հիմա ես լինում եմ  միայն այն միջոցառումներում, որտեղ ինձ լավ եմ զգում։ Ես հիմա մի կանոն ունեմ՝ անել այն, ինչ ուզում եմ և չանել այն, ինչ չեմ ուզում։


5․ Պետք է շատ  կարդալ, հաջողակ մարդկանց ինքնակենստագրությունները, մոտիվացնող ֆիլմերը շատ են օգնում,  հատկապես,  երբ ինչ որ բան չի ստացվում, դա չի նշանակում, որ պետք է ետ նահանջել,  ընդհակառակը, կան  պատմություններ, երբ մարդիկ իրենց նպատակին հասնելու համար 10-20 անգամ փորձել են, չեն հանձնվել։ Փորձեք 2-րդ, 3-րդ անգամ և համոզված եղեք, որ կստացվի։ Եթե լինի մարդ, ով ասի անհաջողություններ չի ունեցել, ես չեմ հավատա։ Ես իմ անհաջողության պահերը չէի փոխի, որովհետև դրանք ինձ ուժեղ են դարձրել։  Հիմա, երբ ետ եմ նայում, մտածում եմ՝ ինչ լավ է, որ այդ պահն ունեցել եմ, այդ պահն ապրել եմ , որովհետև դա ինձ իրականում պետք էր։ Եթե ես ժամանակի մեքենա ունենայի, ոչինչ չէի փոխի իմ կյանքում։Բացի այդ,  չպետք է մեդադրել ո՛չ քեզ, ո՛չ  որևէ մեկին քո անհաջողությունների ու սխալների համար։ Հավատացեք, հենց այդպես էլ պետք է լիներ, այդ անհաջողությունը պետք էր և նախապայման էր՝ մեծ հաջողության հասնելու համար։